«Միքայելյան» համալսարանական հիվանդանոց է դիմել 32-ամյա պացիենտ՝ գանգատվելով աջ գոտկային շրջանի սաստիկ ցավերից և սրտխառնոցից, որոնք հանկարծակի առաջացել էին աշխատանքի վայրում։
Կատարվել են անհրաժեշտ գործիքային և լաբորատոր հետազոտություններ։ Համակարգչային շերտագրությամբ ախտորոշվել է աջակողմյան II աստիճանի հիդրոնեֆրոզ, աջ երիկամի ավազանի 2 սմ չափի քար՝ 1800 HU խտությամբ, ինչպես նաև աջ միզածորանի ստորին երրորդականի 0.6 սմ, 0.4 սմ և 0.3 սմ չափերի քարեր՝ 1200 HU խտությամբ։
Պացիենտին ընդհանուր անզգայացման պայմաններում կատարվել է աջ միզածորանի ստենտավորում, այնուհետև՝ մեկ շաբաթ անց, ուրեթերոռենոսկոպիա՝ միզածորանի քարերի կոնտակտային լազերային քարափշրմամբ։ Քարերի բեկորները հեռացվել են։
Այնուհետև ճկուն ուրեթերոռենոսկոպի (flexible URS) միջոցով կատարվել է երիկամի ավազանի քարի կոնտակտային լազերային քարափշրում։ Միջամտությունից մեկ օր անց պացիենտը դուրս է գրվել ստացիոնարից։
Վիրահատությունը կատարել են ուրոլոգներ Արայիկ Սիմոնյանը և Արամ Բադալյանը, անեսթեզիոլոգ՝ Մհեր Մուսայելյանը։
Ճկուն ուրեթերոռենոսկոպով (flexible URS) լազերային քարափշրման առավելություններն են՝
- Միզածորանի և երիկամի քարերի բուժման ամենաժամանակակից, քիչ ինվազիվ և ատրավմատիկ մեթոդներից մեկն է։
- Կիրառելի է ցանկացած տեղակայման և խտության քարերի դեպքում։
- Միջամտությունը կատարվում է առանց կտրվածքի։
- Հնարավորություն է տալիս ապահովել stone-free (քարազերծ) վիճակ։
- Ապահովում է պացիենտի արագ վերականգնում։
.png)